(010) 742 076, ( 091) 422 075, (095) 522 075, (077) 526 224
  • ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ
ԿՈՆՅԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

Առաջին խաղողն ու առաջին գինեգործը
Խաղողի և գինու հայրենիքն ավանդաբար համարվում է Հայկական լեռնաշխարհը, որտեղ և ձևավորվեց համապատասխան հոգևոր դաշտ և մշակույթ:

Համաձայն Աստվածաշնչյան հայտնի պատմության` Հայաստանը հանդիսանում է խաղողագործության և գինեգործության օրրանը: Առաջին գինեգործն Նոյն էր, ով իր տապանով հանգրվանեց Արարատ լեռան ստորոտին և տնկեց առաջին խաղողի վազը:



  ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Արարատյան դաշտավայրի խաղողը լավագույնն է Կովկասում: Հիմնական խորհրդանիշն Արարատն է, և հենց այստեղ են ստեղծվել լեգենդար Արարատ հայկական կոնյակները:
Բիբլիական Արարատի մերձակայքում գտնվող Ուրարտական Արին - Բերդ, Կարմիր Բլուր, Թեյշեբանի, Էլար - Դարանի քաղաքներում կատարված հնագիտական պեղումների արդյունքում գիտականորեն ապացուցված է, որ հայերի նախնիների մոտ գինեգործությունը գտնվում էր բարձր մակարդակի վրա:
Ավելի ուշ ժամանակաշրջանի հին հունական պատմիչներ Հերոդոտոս Հալիկարնասցին, Քսենոֆոն Աթենացին և Ստրաբոնը հավաստիապես վկայում են այն մասին, որ մոտ երկուսուկես հազարամյակ առաջ Հայաստանից այլ երկրներ էին արտահանվում բարձրորակ գինիներ: Քսենոֆոնը, մասնավորապես, ընդգծում է, որ հայկական գինիները բարձրորակ էին, հնեցված և տարբեր տեսակների:

Գինեգործության պատմական ավանդույթներ ունեցող պատմական Հայաստանում ժամանակակից արդյունաբերական գինեգործությունը, կոնյակագործության պատմությունն ու ավանդույթները սկիզբ են առել 1877թվականին,այն ժամանակ, երբ առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանը Հին Էրիվանի ամրոցի տեղում կառուցեց գինու և օղու առաջին գործարանը, և հենց այստեղ 1887թ նա սկսեց կոնյակի արտադրությունը: Ներսես Թաիրյանը կոնյակի արտադրությունը սկսել է իր հորեղբոր որդի, Ռուսաստանում խաղողագործության և գինեգործության հիմնադիրներից մեկի՝ Վասիլի Թաիրովի խորհրդով և օգնությամբ:

   Հայաստանում գինիների և կոնյակների
արտադրության առաջին ձեռնարկությունը
 
        Լեգենդար կոնյակագործները
       
Սակայն հայկական կոնյակի հիմնադիր Ն.Թաիրյանի կոնյակի արտադրությունը գոյատևեց մինչև 1899թ.: Նա դժվարանում էր կազմակերպել առաքումը, հետևաբար իր գործը վաճառեց մոսկովյան «Շուստով և որդիներ» ընկերության ղեկավար, խոշոր արդյունաբերող Նիկոլայ Շուստովին: Վերջինս վերազինեց գործարանը և արտադրանքը շուկա հանեց: Կազմակերպեց նաև գովազդային մեծ արշավ: Արդյունքում Շուստովի արտադրանքն ամուր դիրքեր գրավեց ռուսական շուկայում:
Հայկական կոնյակի առաջին հաջողությունը կապված է գինեգործներ Մկրտիչ Մուսինյանցի և Կիրիլ Սիլչենկոյի անվան հետ, որոնց ստեղծած «Ֆին Շամպան Ընտիր» առաջին հայկական տեսակավոր կոնյակը 1907թ. Բորդոյում կայացած ցուցահանդեսում ստացավ պատվավոր դիպլոմ և բրոնզե մեդալ:
Ժամանակակիցները Նիկոլայ Շուստովին անվանում էին « Կոնյակի արքա»: Նա 1902 թվականին Փարիզի ցուցահանդես անանուն կերպով ուղարկում է իր կոնյակի օրինակներից: Պրոֆեսիոնալ ժյուրին, միաձայն, Գրան -Պրի է շնորհում անհայտ գինեգործին: Երբ պարզ է դառնում,որ հաղթողը ֆրանսիացի չէ, բացառության կարգով Շուստովին թույլատրում են շշի վրա «Brandy»-ի փոխարեն գրել «Cognac»: Այսպիսով, Շուստովը դարձավ առաջին և միակ օտարերկրյա գինեգործը կոնյակագործության ամբողջ պատմության մեջ, ով արժանացավ այդ արտոնությանը:
«Ֆին Շամպան Ընտիր»
Առաջին հայկական տեսակավոր կոնյակը, 1907թ. Բորդոյում
 
Կոնյակի արքայի ատադրանքը կոչվեց
«Կոնյակ» անունով, և ոչ թե` «բրենդի»
 
1912թ մի համտես-մրցույթի ժամանակ Նիկոլայ II Ցարը փորձեց Շուստովի կոնյակը և բարձր գնահատեց նրա յուրահատուկ որակը: Շուտով «Շուստով և որդիներ» ընկերությունը դարձավ Ռուսական Կայսրության արքունիքի մատակարար, և հայկական կոնյակն այսպիսով մեծ ճանաչում ստացավ:

Հայկական կոնյակի փառքի մասին վկայում են միջազգային համտեսներում, ցուցահանդեսներում և մրցույթներում արժանացած բարձրագույն պարգևները, պատվավոր դիպլոմները, արծաթե, ոսկե մեդալները: Իսկ զանգը դարձավ «Շուստով և որդիներ» ընկերության խորհրդանիշը: Եվ այդ պատճառով նրանք միշտ ասում էին՝ «Մենք զրնգացնում ենք բոլոր զանգերը և ամբողջ աշխարհին պատմում մեր կոնյակի մասին»:

Մարգար Սեդրակյանի անվան հետ են կապված հայկական կոնյակի արտադրության աննախադեպ հաջողությունները` Խորհրդային Միությունում ստեղծված առաջին տեսակավոր կոնյակը` «Հոբելյանական»-ը, և մեկ այլ գլուխգործոց` «Դվին» կոնյակը: Այսպես հիմք դրվեց հայկական տեսակավոր կոնյակների հաղթարշավին, որոնք հետագայում համամիութենական և համաշխարհային համտեսներից և մրցույթներից բերեցին տասնյակ արծաթե և ոսկե մեդալներ, իսկ Մարգար Սեդրակյանին արժանացրին բարձր համբավի և «Վարպետաց Վարպետ» կոչմանը:

Այս ժամանակ ֆրանսիական թերթերը գրում էին, որ կոնյակագործության հրապարակ է դուրս եկել փայլուն տաղանդ: Մարգար Սեդրակյանի շնորհիվ Հայաստանում կոնյակագործության չափերի ընդլայնման համար մշակվեցին հումքային ընտիր տեսակների խաղող աճեցնելու նոր տարածքներ, ամրացավ և զարգացավ կոնյակի գործարանը:

Հեղափոխությունից հետո Շուստովի ֆիրման անէացավ: Նրա Երևանյան տնտեսությունը 1920 թվականի օգոստոսին ազգայնացվեց և բոլշևիկների գալուստի հետ միասին այն վերածնվեց գինու և կոնյակի «Արարատ Տրեստ» անվամբ:
Յալթայի գագաթնաժողովի համար Կոնյակի գործարանը Հայաստանում արտադրեց հատուկ կոնյակ` «Դվին»: 1945թ Յալթայի կոնֆերանսի ընթացքում, Ուինսթոն Չերչիլը այնպես է տպավորվում Իոսիֆ Ստալինի նվիրած հայկական Դվին կոնյակով, որ հետագայում ամեն տարի բազմաթիվ անգամներ խնդրում է իրեն ուղարկել այդ կոնյակից: Ասում են, որ տարեկան մոտ 400 շիշ Դվին կոնյակ է ուղարկվել Չերչիլին: Երբ արդեն հասակն առած Չերչիլին հարցրեցին, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա առանց երկմտելու պատասխանեց՝ «Երբեք մի ուշացեք ընթրիքից, ծխեք հավայան սիգարներ և խմեք հայկական կոնյակ»:

Ուինսթոն Չերչիլի երկարակեցության գաղտնիքը
 
Նշանավոր մարդիկ և հայկական կոնյակը
 
40-ականների վերջին «Արարատ Տրեստին» սկսեց չբավարարել նախկին գործարանների և արտադրամասերի տարածքը, և միավորված կոնյակի և թորման արտադրամսերը 1953թ-ին տեղափոխվեցին հատուկ կոնյակի արտադրության համար կառուցված նոր գործարան` «Երևանի Կոնյակի Գործարան», որը մինչև 1991թ. միակ հայկական կոնյակ արտադրող ընկերությունն էր:

1998-ից սկսած «Երևանի Կոնյակի Գործարանը» դարձավ «Pernod Ricard» խմբի անդամ: Որոշ ժամանակ անց 2002 թվականին, հին գործարանը սկսեց արտադրել և վաճառել կոնյակ մեկ այլ անվան ներքո, որը կոչվում է «Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատ» (հայտնի է որպես «Նոյ») և ընդգրկվեց «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի մեջ՝ ձեռք բերելով նոր սեփականատեր:
 


Երևանի Կոնյակի Գործարանի Արարատ կոնյակները ինքնին լեգենդ են` իրենց մեջ ամփոփելով Հայաստանի ոգին, պատմամշակութային ժառանգությունը և հայ կոնյակագործների հմտությունը: Եվ այսօր, դարեր անց, Արարատը հանդիսանում է հայկական կոնյակի առավել հայտնի և հաջողված ապրանքանիշը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՀԱՄԻ ԳԱՂՏՆԻՔԸ


Ռուս անվանի գրող Մաքսիմ Գորկին, վայելելով հայկական անկրկնելի կոնյակն,արտաբերել է` «Ավելի հեշտ է բարձրանալ Արարատ լեռը, քան դուրս գալ Արարատի նկուղներից»:
Ասում են նաև, որ կոնյակը խմիչքների արքան է և խմիչքը՝ արքաների:

Հայկական արքայավայել կոնյակի համի գաղտնիքը նրանումն է, որ ազդում է մարդու բոլոր 5 զգայարանների վրա շնորհիվ հետեւյալ հատկանիշների` մուգ սաթի գույնը, հարուստ բուրմունքը, թավշյա հիմքով հարուստ համը, երկար հետադարձ համը:

Հայկական կոնյակի առանձնահատուկ համի մյուս գաղտնիքն էլ նրանումն է, որ համաձայն կլիմայի բազմամյա հետազոտությունների՝ ծովի մակերևույթից մոտ 700մ բարձր գտնվող Արարատյան դաշտավայրում տարվա մեջ լինում է միջինը 300 արևոտ օր: Այսպիսի կլիմայական պայմանները հանգեցնում են խաղողի մեջ արոմատիկ նյութերի և շաքարի բարձր խտացման:
Բացի այդ, Արարատյան դաշտավայրում հաշվվում են մոտ 30 տեսակի հողածածկույթներ: Նկատվել են դեպքեր, երբ միևնույն տեսակի խաղողը ունենում է համային բազմաթիվ երանգներ: Այս է պատճառը, որ «ԱՐԱՐԱՏ» կոնյակներն առանձնանում են իրենց բազմազանությամբ և ավելի լայն համային զգացումներով: «ԱՐԱՐԱՏ» կոնյակների արտադրության համար օգտագործվում են բացառապես Արարատյան դաշտավայրում աճող «Ոսկեհատ», «Գառան դմակ», «Ռկացիտելի», «Մսխալի» և «Կանգուն» տեսակները: Այլ կլիմայական պայմաններում նշված տեսակները չեն ապրում կամ կորցնում են իրենց բնորոշ համային հատկությունները: Արարատյան դաշտավայրի խաղողին բնորոշ խիտ, հարուստ համն ու բուրմունքը փոխանցվում են «ԱՐԱՐԱՏ» կոնյակներին` վերափոխվելով նուրբ հետհամային զգացմունքի` վանիլինի, մրգերի և շոկոլադի նուրբ և անմոռանալի երանգներով: Կոնյակի գունային գամման տատանվում է բաց ծղոտագույնի (երիտասարդ կոնյակներ) և մուգ սաթի գույնի (հնեցված կոնյակներ) միջև:

     Հայկական լեռնաշխարհի խաղողը
 
     Հայկական կաղնեփայտից տակառներ

Հայկական կոնյակի առանձնահատուկ համի մյուս գաղտնիքն էլ նրանումն է, որ կոնյակի սպիրտների և կոնյակների հնեցումը կատարվում է Հայաստանի տարածքում աճող կովկասյան կաղնեփայտե տակառներում: Կովկասյան կաղնեփայտը, շնորհիվ իր ամուր և վարդագույն հիմքի, թույլ է տալիս ստանալ վանիլինի, շոկոլադի և չորացրած մրգերի բնական համով կոնյակներ: Այն դեռեւս 20–րդ դարի սկզբից ճանաչված էր Եվրոպայում: Հայկական խաղողի տեսակներից ստացված սպիրտները, շփվելով հայկական կաղնեփայտից ստացված տակառի մակերեսի հետ,ստեղծում են հայկական կոնյակների յուրօրինակ փունջը:
 

Ըմպելով հայկական կոնյակն, իսկապես, համոզվում ես, որ պատահական չեն հմուտ մասնագետների, հանրապետության և նրա սահմաններից դուրս բազմահազար սպառողների հայկական կոնյակների գովաբանումն ու մեծարանքը` երևելի, հիանալի, սքանչելի, զմայլող, հոյակապ:
Այս դեպքում կարելի է ասել` ավելի լավ է մեկ անգամ ըմպել հայկական հոգեթով կոնյակը, քան հարյուր անգամ լսել: