(010) 742 076, ( 091) 422 075, (095) 522 075, (077) 526 224
  • ARMENIA

The treasures of Armenia
Արարատ լեռան փեշին, ուր առաջին անգամ իր տապանից իջավ ու բնակություն հաստատեց Նոյ Նահապետը, բարձրաբերձ լեռների գրկում փռված է Հայաստան աշխարհը` նոր մարդկության նախահայրենիքը, հնագույն քաղաքակրթության բնօրրանը, առաջին քրիստոնյա պետությունը, և վերջապես, գանձերի երկիր Հայսատանը:

Նոր մարդկության նախահայրենիքը
Ըստ Աստվածաշնչի` համաշխարհայինի ջրհեղեղի ժամանակ Նոյն իր տապանով Արարատ լեռան գագաթին հանգրվանեց, և երբ աղավնին ձիթենու ճյուղով ջրհեղեղի ավարտն ավետեց, Նոյը Արարատյան դաշտ իջավ, խաղողի առաջին որթն ու ծիրանենու շիվը տնկեց: Անցել են հազարավոր տարիներ, բայց մինչև հիմա էլ հայկական բարձրավանդակում հայը, ավատարիմ Նոյ Նահապետի պատգամ-պատվիրանին, խաղող է աճեցնում ու հյութը քամելով, մեռոնաբույր, մեռոնահամ գինի, կոնյակ է ստանում, ամենահամեղ ծիրանն է աճեցնում, որն ամբողջ աշխարհում «Հայկական միրգ» է կոչվում:
Զարմանալի չէ, որ Արենի գյուղի մոտ հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինեգործական համալիրը, որն ավելի քան 6000 տարեկան է, և գտածոներն էլ հիմք են տալիս ասելու, որ Հայաստանը գինեգործության հայրենիքն է:

 
Աշխարհի ամենահին գինեգործական
համալիրը
Այլ հնագիտական պեղումների համաձայն` Հայկական լեռնաշխարհի բնակիչները դեռ հնագույն ժամանակներում տիրապետում էին բազմաթիվ արհեստների: Մեծամորի բրոնզե, երկաթե դարերի գտածոները Հայաստանի վաղ քաղաքակրթության խորհրդանիշերն են:
Դեռ նեոլիթի դարաշրջանում, հայերը, բացի որսից և վայրի բերքահավաքից, զբաղվում էին նաև երկրագործությամբ: Իսկ էնեոլիթում, երկրագործության հետ մեկտեղ, զարգանում էր նաև անասնապահությունը:
Որոշ բրոնզեդարյա բնակավայրերի մնացորդներ (մ.թ.ա. IV-III հազ.), ինչպիսին են` Շենգավիթը, Շրեշբլուրը, Թագավորանիստը, Էլարը մնում են մինչ այսօր: Դրանց պեղումների ժամանակ հայտնաբերված եզակի գտածոները հաստատում են, որ Հայաստանը մետաղագործության, ոսկերչության հայրենիքն է: Հայերը երկաթե զենքեր էին սարքում երկաթի դարաշրջանից երկու հազարամյակ առաջ: Ամեն ինչ ապացուցում է, որ մ.թ.ա 4-3 հազար տարի առաջ Հայաստանը զարգացած պետություն է եղել, բացառիկ մշակույթի կրող:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Ի տարբերություն հարևան ցեղերի, հայերը ունեցել են իրենց մշակույթը և գիտութունը: Դրա մասին վկայում են բազմաթիվ հուշարձաններ, ինչպիսիք են, օրինակ` վիշապաքարերը, ժայռապատկերները, Քարահունջի աստղադիտարանը և այլ հուշակոթողներ: Այս ամենը ևս ապացուցում են, որ Հայաստանը` հին աշխարհի խոշոր մայրցամաքների խաչմերուկում տեղակայված երկիրը, քաղաքակրթության օրրանն է, և որ տեղաբնակները առաջիններից են եղել, ովքեր բրոնզ են կռել, երկաթ են հալեցրել,և առաջին աստղագետներն են եղել, ովքեր արևային օրացույց են ստեղծել: Դեռևս ոչ շատ վաղուց Արագածոտնի մարզում հայտնաբերվեց մի բնակավայր` Ագարակը, որն ըստ հնագետների ուսումնասիրությունների արդյունքների, բնակեցված է եղել մոտավորապես մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչև միջնադար, և փորված քարերը հավանաբար կամ մետաղաձուլական,կամ էլ աստղագիտական նշանակություն են ունեցել:
Հայաստանի նախապատմական
հուշարձաններ` Աղց, Ագարակ, Ուխտասար
Զորաց քարեր` առաջին
արևային աստղադիտարան
Մարդու կողմից կառուցված և արժեքավոր գլուխգործոցները, այնպիսի նախապատմական հուշարձանները, ինչպիսիք են` Մեծամորը, Դվինը, Արմավիրը` Արգիշտիխինիլին, Ուխտասարը, Ույծի մեգալիթյան բնակատեղին, Զորաց Քարերը ոչ միայն Հայաստանի նախապատմական հուշարձաններն են, մշակույթի գանձեր, այլև համաշխարհային պատմամշակութային ճարտարապետության բնագավառում բացառիկ տեղ են զբաղեցնում: Օրինակ`աշխարհի հնագույն մեգալիթյան կոթողային համալիրներից մեկը` «Զորաց քարերը» կամ «Քարահունջը», որը հայտնի է նաև «Հայկական Սթոունհենջ» անունով, առաջին արևային աստղադիտարանն է աշխարհում, որը դեռ 7500 տարի առաջ եղել է սրբավայր և աստղադիտարան: «Զորաց քարեր» շարքը նույն առեղծվածներն ու աստղագիտական նշանակությունն ունի, ինչ աշխարհահռչակ «Ստոունհենջը»: Քարահունջի ժամանակագրությունը 3500 տարով ավելի հին է համարվում Սթոունհենջից և 3000-ով՝ եգիպտական բուրգերից: Եվ այս ամենը թույլ են տալիս Հայաստանը ներկայացնել որպես աստղագիտության մշակույթի սկզբնաղբյուր, հնագույն աստղագիտության բնօրրան:

ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ

Իր երկարատև գոյության ընթացքում, սակայն, հայը միայն հող մշակելով չի գոհացել, տաճարներ է կերտել, մագաղաթներ ծաղկազարդել, Գրիգոր Լուսավորչի և Հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից 301թվականին աշխարհում առաջինը Քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվել, 405 թվականին Մեսրոպ Մաշտոցն այնպիսի ազգային այբուբեն է ստեղծել, որը մինչև հիմա էլ անփոփոխ կիրառվում ու իր հնչյունական համակարգով կատարյալ է համարվում:
Առաջին գիրքը, որը թարգմանվել է հայերեն հայկական գրերի ստեղծումից հետո 5-րդ դարում, Աստվածաշունչն էր, իսկ մայրենի լեզվով գրված առաջին նախադասությունը` «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
Քրիստոնյա Հայաստանի առաջին
գանձերը` գիրն ու կրոնը

Քրիստոնեության մուտքը Հայաստան, և այնուհետև, դրա տարածումն անցել է դժվարին ճանապարհ, քանի որ հեթանոսությունը երկրում ուներ խոր արմատներ: Քրիստոնեությունը Հայաստան է ներթափանցել ավելի վաղ` մ.թ. 1-ին դարում (60-68թթ.): Այն երկրում տարածել են Քրիստոսի երկու աշակերտները` Թադեոսն ու Բարդուղիմեոսը: Նրանք Հայաստան էին եկել Ասորեստանից և Կապադովկիայից, հայտնի էին որպես հայոց աշխարհի լուսավորիչներ, մկրտում էին իշխանական ընտանիքներին և հասարակ մարդկանց:
Երկու դար շարունակ քրիստոնյաները Հայաստանում ստիպված էին իրենց կրոնը գաղտնի տարածել, քանի որ պետական կրոնը հեթանոսությունն էր, իսկ հեթանոսները մեծամասնություն էին կազմում: Այս իրավիճակը տևեց մինչև 301թվականը, երբ Տրդատ III թագավորը հռչակեց քրիստոնեությունը պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը Արածանի գետում մկրտեց հայոց թագավորին, թագավորական ընտանիքին, նախարարներին, Սյունյաց իշխանին ու նրա զորքին:
Հազարավոր քրիստոնեական հուշարձաններ, խաչքարեր, տաճարներ և այլ պատմամշակութային կոթողներ հայ ժողովրդի մտքի ու հմտության լուռ վկաներն են, որոնցով հիանում են երկիր այցելողները: Այս ամենը թույլ են տալիս Հայաստանը ներկայացնել որպես հոգևոր մշակույթի բնօրրան,որպես հազար ու մի եկեղեցու երկիր,և վերջապես, Հայաստանը անվանում են «Թանգարան բաց երկնքի տակ»: Քրիստոնեությունը հզոր ազդակ հանդիսացավ հայ մշակույթի ծաղկման գործում, նպաստեց հայ գրերի և ազգային դպրության ստեղծմանը, իսկ պետականության կորստից հետո հայ եկեղեցին դարձավ ժողովրդի ինքնության պահպանման հզոր նեցուկը: Այդ պատճառով, շատ հաճախ, վանքային համալիրները հանդիսացել են նաև կրթության և մշակույթային հզոր օջախներ, իսկ նրանց շուրջ կառուցված ամրոցները, զավթիչների արշավանքների ժամանակ, ապաստան են տվել բնակչությանը: Դրանցից շատերը գտնվում են դժվարամատչելի տեղերում, կան նույնիսկ ժայռափոր համալիրներ:


ՀԱՅՈՑ ԱՄՐՈՑ - ԲԵՐԴԵՐԸ

Հայոց ամրոց-բերդերը մեր նախնիների սխրանքների հպարտ վկաներն են: Հայկական հնադարյան ամրոցները սովորաբար կառուցվել են դժվարամատույց և բարձրադիր տեղանքներում, շրջափակվել աշտարակով կամ բրգաձև պարիսպներով, պատնեշվել հողաթմբերով կամ ջրածածկ խրամներով: Մ.թ.ա. 9-6-րդ դդ. Վանի թագավորության քաղաքները միաժամանակ ամրոցներ էին` Տուշպա-Վանը, Արգիշտիխինիլի Արմավիրը, Էրեբունի-Երևանը և այլն: Անտիկ շրջանի ամրոցաշինության փայլուն օրինակներից է Գառնիի հեթանոսական տաճարը, որը Հայաստանում պահպանված միակ հուշարձանն է, որ վերաբերում է հեթանոսության և հելենիզմի դարաշրջանին: Պատմությունը վկայում է, որ սյունազարդ տաճարը կառուցել է Տրդատ Ա թագավորը մ.թ. 1-ին դարում և նվիրված է եղել արևի աստված Միհրին:
Գառնիի հեթանոսական տաճար Հալիձորի բերդ - ամրոց,
Ախթալայի բերդ - ամրոց, Ամբերդ
Միջնադարյան Հայաստանում ամրոցները կառուցվել են ավատատիրական տների, դղյակների, ամրացված քաղաքների և վանքերի տեսքով: Անառիկ ամեն մի բերդ ուներ իր յուրահատուկ հորինվածքը, որն առավելագույնս համապատասխանում էր տեղանքին:
Ամեն մի ձոր, ամեն մի ժայռ ընդգրկվում էր միասնկան պաշտպանողական համակարգի մեջ: Հայաստանի ամրոցաշինության վառ օրինակներից են Պռոշաբերդը, Տավուշի բերդը, Ախթալայի, Հալիձորի, Մարզպետունու ամրոցները, Ամբերդի ամրոցը, Բջնիի բերդ-ամրոցը և այլն, որոնք երկար ժամանակ ծառայել են որպես ռազմական կարևոր հենակետ:
Շատ հնարամիտ լուծումներ կան նաև ջրամատակարարման հարցում, որը կարևորագույն խնդիր էր երկարատև պաշարման ժամանակ: Ամրոցները կառուցվում էին այնպես, որ նույնիսկ անանցանելի արգելք էր դառնում բազմահազարանոց թշնամու համար:

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Հայաստանում պահպանվող 40.000 հնագույն հուշարձաններից շատերը քրիստոնեական եկեղեցիներ և վանքեր են, որոնց մեծ մասը կառուցվել են քանդված հեթանոսական տաճարների հիմքի վրա: Քրիստոնեական հուշարձանները Հայաստանի հարուստ պատմության վկաներն են` Վաղարշապատի Մայր տաճարը, Նորավանքի մենաստանը, Գեղարդը, Խոր Վիրապը, Տաթևի վանական համալիրը, Հաղարծինը, Գոշավանքը, Սևանավանքը, Զվարթնոց եկեղեցու ավերակները, Նորատուսի խաչքարերը և այլն: Այստեղ գտնվում են բազմաթիվ պատմամշակութային և ճարտարապետական հուշակոթողներ, որոնք համաշխարհային մշակույթի անցումային փուլերին պատկանող ամենաառաջին օրինակներն են:
Տաթևի վանական համալիր,
Սևանավանք, Հաղարծին, Գոշավանք
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված Հայաստանի պատմամշակութային համալիրներ` Նորավանք, Էջմիածնի Մայր Տաճար, Գեղարդավանք, Հաղպատի վանքային համալիր, Զվարթնոց համալիր, Սանահինի վանք
Վերածննդի դարաշրջանը Հայաստանում սկսվել է դեռևս X դարում, երկու դար ավելի վաղ քան Եվրոպայում, և պատահական չէ, որ Աստծո առաջին քանդակը գտնվում է Նորավանքում: Ճարտարապետական աշխարհահռչակ գոթական ոճի հանդես գալուց շատ տարիներ առաջ, Հայաստանում կառուցվել են այդ ոճի նախատիպը կրող կոթողներ (Սաղմոսավանք, Գոշավանք և այլն): Հայաստանի վանքերում են պահվել համաշխարհային նշանակություն ունեցող բազմաթիվ մասունքներ, նրանց շարքում` Պետրոս Առաքյալի ծիծեռնը, Հովհաննես Մկրտչի գլուխը, Հիսուս Քրիստոսին խոցած նիզակը:

ԽԱՉՔԱՐԵՐԻ ԱՐՎԵՍՏԸ

Հայաստանը համարում են նաև խաչքարերի երկիր, որտեղ Քրիստոնեության ընդունումից հետո լայն տարածում գտավ խաչքարերի արվեստը` զարդարելով հայոց երկիրը ի պատիվ հաղթանակի, ի պատիվ մեծարման և հիշատակի: Հայկական խաչքարերն ազգային ժառանգության յուրահատուկ մասն են: Հայաստանում կա շուրջ 4000 խաչքար և նրանցից յուրաքանչյուրն ունի եզակի նախշեր: Հայաստանում պահպանված ամենահին խաչքարը Աշոտ Ա. Բագրատունու կնոջը` Կատրանիդե թագուհուն նվիրված խաչքարն է, որը թվագրվում է 879-ին և գտնվում է Գառնու հեթանոսական տաճարում: Իսկ Նորատուսի գերեզմանոցը համարվում է խաչքարերի սիմֆոնիա, խաչքարերի անտառ, կամ թանգարան բաց երկնքի տակ, որտեղ պահպանվել են 800-ից ավելի խաչքարեր, որոնք թվագրվում են 9-17-րդ դդ-ով:



ԲՆԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Հայաստանի բնական հուշարձանների մեջ իրենց բացառիկ գեղեցկությամբ առանձնանում են Սևանա լիճը, Ջերմուկի և Շաքիի ջրվեժները, Պարզ լիճը, Քարի լիճը, Խնձորեսկի քարանձավները, բնական քարայրներն ու ժայռերը, Գառնու ձորը:

Սյունիք`
քարանձավների թագավորություն
Ջերմուկի ջրվեժ, Շաքիի ջրվեժ

 
Գառնու ձոր, Խոսրովի անտառ Արարատ լեռ, Արագած լեռ
Բնության պահպանվող տարածքների թվին են պատկանում նաև Խոսրովի արգելանոցը, որը ստացել է «Խոսրովի անտառ» անվանումը Խոսրով Երկրորդ Կոտակ թագավորի պատվին, որի գահակալության ժամանակ (330-380թթ) արգելոցի տարածքում կատարվել են անտառատնկումներ, Դիլիջանի ազգային պարկը, Ստեփանավանի Դենդրոպարկը, Արագած լեռը` Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթը (4090մ), Արարատ լեռը, որը հայկական մշակույթի ամենապաշտելի խորհրդանիշերից է, կենսական ուժերի աղբյուր և հպարտության առանձնահատուկ առարկա, ինչպես նաև երկրի հիասքանչ և բազմազան լեռնային լանդշաֆտը:
Հայաստանի առողջարանային քաղաքները


Լճերի, գետերի և աղբյուրների այս երկիրը հարուստ է նաև երկրի ընդերքից բխող բուժիչ հանքային ջրերով, տաք աղբյուներով ու առողջարանային քաղաքներով` Ջերմուկ, Բջնի, Արզնի, Հանքավան, Դիլիջան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՏԵՐՆ ՈՒ ԼՃԵՐԸ
Հայաստանի գետերը` Արաքս գետ, Քասաղ գետ,
Ազատ գետ, Դեբեդ գետ, Արփա գետ
Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Ասիայի հարավ - արևմտյան մասում, Կուր և Արաքս գետերի միջագետքում, Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում՝ Կովկասի և Առաջավոր Ասիայի միջև: Երկրի տարածքի շուրջ 50%-ը գտնվում է ծովի մակերևույթից 2000մետր բարձրության վրա: Միջին բարձրությունը 1700-1800մետր է:
Հայկական լեռնաշխարհը՝ իր լեռնային բարձր դիրքի շնորհիվ, Առաջավոր Ասիայի խոշոր ջրաբաշխն է (Ջրաբաշխ է կոչվում, քանի որ Հայկական լեռնաշխարհի գետերը երկրամասի ջրերը բաշխում են տարբեր ջրային ավազանների վրա): Այստեղից են սկիզբ առնում Եփրատ, Տիգրիս, Երասխ, Կուր, Ճորոխ, Հալիս և մի շարք այլ գետեր, որոնք թափվում են Պարսից ծոց և Կասպից, Սև ու Միջերկրական ծովեր։ Եփրատ գետը Հայաստանում ունի երկու մեծ վտակ՝ Արևմտյան և Արևելյան Եփրատը (Արածանի): Արևելյան Տիգրիսը հայտնի է նաև Ջերմ անունով։ Եփրատը և Տիգրիսը, միախառնվելով Միջագետքի հարավում, թափվում են Պարսից ծոց։
Մեր հայրենիքի մայր գետը Երասխն է` Արաքսը, որը սկիզբ է առնում Սերմանց կամ Բյուրակն լեռներից։ Մայր գետն այնուհետև՝ ընդունելով Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ և մի շարք այլ վտակներ, միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Երասխի և նրա վտակների ջրերով ոռոգվում է Արարատյան դաշտը, որտեղ տեղումները կազմում են տարեկան ընդամենը 250-300 մմ։ Երասխը` Արաքսը Հայկական լեռնաշխարհի միակ խոշոր գետն է, որն իր ողջ երկարությամբ հոսում է մեր հայրենիքով։ Երասխի կամ Արաքսի մասին նույնպես հյուսվել են այլևայլ ավանդություններ, իսկ ժողովուրդը նրան կոչել է պարզապես Մայր Արաքս։
Հայկական լեռնաշխարհի մյուս չքնաղ գետերից են Հրազդանը` 141մ, որը սկիզբ է առնում Սևանա լճից, Ախուրյանը` 186կմ, սկիզբ է առնում Արփի լճից, Մեծամորը կարճ, բայց հանրապետությունում ամենաջրառատ գետն է: Քասաղը Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից: Արփան հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում է գոգավորություններով և հատելով ՀՀ պետական սահմանը՝ Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետության տարածքում: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է, հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյուր մետրի: Դեբեդը` 178մ կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։ Հայտնի են նաև Ողջին, Մեղրիգետը, Աղստևը, Գետիկը, Ոսկեպարը և այլն, քանի, որ ավելի քան 215 գետեր են հոսում Հայաստանի տարածքով:

Հայաստանի մարգարիտը` Սևանա լիճը
Դեպի ծով ելք չունեցող Հայաստանում խոշոր լճերը սովորաբար կոչվել են ծով կամ ծովակ։ Հայկական լեռնաշխարհը հարուստ է մեծ ու փոքր լճերով,որոնցից ամենամեծը բարձրադիր քաղցրահամ Սևանա լիճն է` աշխարհի բարձրադիր խոշոր լճերից է, որը գտնվում է ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա, ունի ավելի քան 1200քառ.կմ տարածք: Սևանը հայտնի է քաղցրահամ ջրով,իշխան, գեղարքունի, կարմրախայտ, սիգ ձկնատեսակներով: Լիճն ունեցել է մեկ կղզի, որը ջրի մակարդակի իջեցումից հետո վերածվել է թերակղզու: Սևանի մեջ են լցվում 29 գետեր և գետակներ, իսկ նրանից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը:
Սևանա լճից հետո Հայաստանի ամենախոշոր ջրավազանն է Արփի լիճը։ Այն գտնվում է Աշոցքի սարահարթում 2020մ բարձրության վրա։ Նրա հայելին զբաղեցնում է ավելի քան 20 քկ. մետր մակերես, ջրի ծավալը 105 մլն խմ և սնվում է աղբյուրներից ու գետակներից։ Լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը: Գեղամա լեռների մերձգագաթային սարավանդի վրա է գտնվում Ակնա լիճը, որը հրաբխային ծագման լիճ է։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 3030մ, լճի մակերեսը՝ 0.5 քկմ։ Լիճը սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Հայաստանի բնության հրաշքներից են նաև Քարի լիճը, Սև լիճը, Ծովեր լիճը, Պարզ լիճը, Գոշի լիճը ևայլն, որոնց թիվը հասնում է մոտ հարյուրի:

Հայաստանի լճերը
Ծովեր լիճ, Քարի լիճ, Սև լիճ, Արփի լիճ, Ակնա լիճ   Գոշի լիճ, Պարզ լիճ
  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԲՈՒՍԱԿԱՆ  ԵՎ  ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
Հայաստանը ունի հարուստ և բազմազան բնաշխարհ: Հայաստանում 150 բուսական ընտանիքներից մոտավորապես 3500 բուսատեսակ է աճում: Հայաստանի բուսական աշխարհի բազմազանությունը հետևանք է բնապատմական զարգացման, երկրի ուրույն աշխարհագրական դիրքի և տարածքի լեռնային բնույթի: Երկրաբանական խոր անցյալում, այստեղ աճել է արևադարձային և մերձարևադարձային բուսականություն: Հնագույն սառցապատումների ժամանակ, միմյանց հաջորդող ցուրտ ու խոնավ, շոգ ու չոր կլիմաների ներգործությամբ, առաջացել են նոր բուսատեսակներ: Երկրի տարածքում առանձնանում են կիսանապատային, տափաստանային, անտառային, մերձալպյան և ալպյան գոտիները:
Հայաստանի բուսական աշխարհը
Ցածրադիր վայրերը ծածկված են անապատային և կիսաանապատային գոտու բուսականությամբ: Տափաստանային գոտին Հայաստանի ամենատարածվածն է և զբաղեցնում է` 1400-2600մ բարձրությունը: Այս գոտուն բնորոշ է սիզախոտային, փետրախոտային, իսկ գոտու բարձրադիր մասում` հացազգի-տարախոտային բուսականությունը: Հայաստանի անտառները զբաղեցնում են տարածքի մոտ 10%: Հյուսիս-արևելքում, տարածքի անտառապատվածությունը կազմում է 30%, որտեղ հիմնական ծառատեսակը արևելյան հաճարենին է, մասամբ` կաղնիներ և սոճիներ: Հարավարևելյան անտառային զանգվածում, գերակշռում են արաքսյան կաղնին, հացենին, թխկին և ընկուզենին: Զանգեզուրի Ծավ գետի ավազանում, պահպանվել է սոսու պուրակը, որը միակն է Հայաստանում:

Հայաստանի բնության բարիքները

Վայրի անտառներում, աճում են պոպոկ, պնդուկ, մոշ, զկեռ, մորի, տանձ, խնձոր, շագանակ, սալոր, հանրահայտ ծնեփակը: Երկրի ցածրադիր վայրերում արհեստական ոռոգման դեպքում աճում են բամբակ, նուռ, թուզ, բրինձ և այլն: Մեծ տարածում ունի պտուղների (ծիրան, դեղձ, տանձ, խնձոր, բալ, կեռաս և այլն) և խաղողի մշակությունը: Մշակվում են ցորեն, գարի, կորեկ, հաճար: Հայաստանը վայրի ցորենի նախահայրենիքներից մեկն է: 

Հայաստանի աշխաչհագրական դիրքն ու ռելիեֆը ձևավորել են կենդանական ռեսուրսների բազմատեսակ կազմ, բարձր մակարդակի էնդեմիզմ և հարուստ ագրոբազմազանություն, որտեղ հաշվվում է մոտ 12000 կենդանատեսակ:




Հայաստանի կենդանական աշխարհը
ՀՀ-ում բնակվում են սողունների 53 և երկկենցաղների 8 տեսակ: Հայաստանում հանդիպում են թռչունների 349 տեսակ,էնդեմիկ տեսակ է համարվում Սևանի ճայը: Բնակվում է կաթնասունների 83 տեսակ, էնդերմիկ են համարվում հայկական մուֆլոնը, փոքրաիսական ճագարամուկը, լեռնային խլուրդը, կովկայսան մկնիկը, արաքսյան չղչիկը: Հայաստանում կան անողնաշարավորների 316 էնդեմիկ և շուրջ 100 անհետացողտեսակներ: Հայաստանի տարածքում հանդիպող ձկնատեսակները պատկանում են 5 կարգի՝ սաղմոնազգիներ, ծածանազգիներ, լոքոազգիներ, ծածանատամազգիներ և պերկեսազգիներ: Հայաստանի էնդեմիկ ձկնատեսակներ են՝ Սևանի իշխան՝ իր 4 ենթատեսակներով, Հայկական կարմրակն, Հայկական տառեխիկ, Սևանի կողակ, Սևանի բեղլու,Հայկական գուստերա: Ընտանի կենդանիներից տարածված են ոչխարը, այծը, կովը, ձին, գոմեշը,իսկ վայրի կենդանիներից` աղվեսը, գայլը, արջը, նապաստակը, վարազը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը: Հնուց ի վեր զարգացած է եղել մեղվապահությունը: Թռչուններից հանդիպում են արծիվ, բազե, արագիլ, կաքավ, բադ, լոր և այլն:

Հայաստանի կենդանական աշխարհը
Լինելով լեռնային և քարքարոտ երկիր` Հայաստանը ունի նաև շատ գեղատեսիլ բնություն: Բարձր գագաթները, վարար գետերը, լեռնային լճերը, սաղարթախիտ անտառներն ու անդնդախոր ձորերը անտարբեր չեն թողնի ցանկացած զբոսաշրջիկի, քանի որ Հայաստանը ճանաչվել է որպես քաղաքակրթության օրրան և դարձել է գրավիչ զբոսաշրջության վայր:
Հայաստանը, սակայն, անձեռակերտ հուշարձանների, եկեղեցիների ու խաչքարերի երկիր չէ միայն, այն նաև հրաշագեղ բնությամբ, հյուրընկալ ժողովրդով, հնագույն ավանդույթներով, մշակույթով և ազգային խոհանոցի գանձերով հարուստ երկիր է: